Գլխավոր » 2014 » Հոկտեմբերի

Monthly Archives: Հոկտեմբերի 2014

Զարուհի Փոստանջյան. «Բանականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակություն»

Իր այսօրվա ելույթում Զարուհի Փոստանջյանն օգտագործեց «Բանականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակություն» արտահայտությունը: Սա բավականին ողջունելի է մեր իրականության մեջ, որի կառավարությունը խաղում է մարդկանց կրոնական ու հավատքի հետ կապված հույզերի վրա, որտեղ տեսնում ենք դռներ համբուրող նախկին դատախազ, աղոթող ու կրոնական բանաձևեր կիրառող ոստիկանապետ, որտեղ «մեռելոցները» կարգավորվում են օրենքի մակարդակով, մեկ կրոնական կազմակերպության (Հայ առաքելական եկեղեցի) տրվել են արտոնություններ Սահմանադրությամբ ու հատուկ օրենքով, և որտեղ դպրոցներում անգամ աթեիստ աշակերտներին են պարտադրում անցնել «Հայ եկեղեցու պատմություն» անվամբ պարտադիր առարկա, և աղոթել ու խաչակնքվել դասասենյակում…

Զարուհի Փոստանջյանի ելույթի ամբողջական տեքստը.

Դատավճիռ հանուն հայ ժողովրդի և ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի

«Հայ ժողովրդի դատարանը 2014 թվականի   հոկտեմբերի 10-ին դռնբաց դատական նիստում՝ դատարանում (նստավայրը՝ Երևան, Ազատության հրապարակ), քննեց քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Սերժ Ազատի Սարգսյանի՝ ծնված 30-ը հունիսի 1954 թվական, Ստեփանակերտ քաղաքում, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած,  նախկինում չդատված, աշխատել է  Հայաստանի Հանրապետության նախագահ, բնակվել է Երևան, Բաղրամյան 26 պալատում։ 
Մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը յուրացնելու, հայ ժողովրդին պատկանող շուրջ 42 000 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ։

«Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մարտի 1-ին՝ հայ ժողովրդի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից:
Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի էությունը հետևյալն է.
Նա ղեկավարել է 2008 և 2013 թվականների Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում ընտրողների ձայները հափշտակելու համար մասնագիտացված կազմակերպված խումբը։
2008 թվականի փետրվարի 19-ին և 2013 թվականի փետրվարի 18-ին տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է հայ ժողովուրդը՝ իրականացրել է հայ ժողովրդի ձայների հափշտակություն։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիմելով կեղծիքի, սպառնալիքի, սպանությունների, մարդկանց առևանգման, ապօրինի ազատազրկման՝ նա բռնազավթել է հայ ժողովրդին պատկանող իշխանությունը, բռնազավթած իշխանությունը պահելու համար նա մատուցել է ծառայություններ այլ պետություններին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է պետական դավաճանության:
Բանականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակության անդամները, Սերժ Ազատի Սարգսյանի և նրա խմբի անդամների կողմից ենթարկվելով բռնաճնշման և հետապնդման, կամ հայտնվել են բանտախցում, կամ դիմել են արտագաղթի, կամ էլ սպանվել են:
Իսկ նրանց կողմից տարիներ շարունակ տարվող քաղաքականությունը խաթարել է հայ ժողովրդի միասնական ճակատագրի գաղափարը կրող և զգացողությունը կիսող հասարակության անդամների համերաշխությունը:
Հանուն հայ ժողովրդի և ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի

«Հայ ժողովրդի դատարանը Սերժ Ազատի Սարգսյանին ճանաչեց մեղավոր և վճռեց
Սերժ Ազատի Սարգսյանին դատապարտել ցմահ ազատազրկման,
Սերժ Ազատի Սարգսյանից  բռանագանձել  հայ ժողովրդից հափշտակված գույքը,
Սերժ Ազատի Սարգսյանի  նկատմամբ պատժի կրումը նշանակել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ հայ ժողովրդի կամքով»:

Առկա է նաև տեսանյութը, որտեղ լսվում է «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավորի՝ Զարուհի Փոստանջյանի, ճառի մի հատվածը:

Ճիշտն ու սխալը. հումանիստի տեսանկյուն

Հումանիստների բրիտանական ասոցիացիան Ստիվեն Ֆրայի հետ միասին պատասխանում է այս հարցին: Տվյալ տեսանյութը թարգմանվել է հայերեն, նկարագրության մեջ դրված է նաև բնագրի հղումը:

Ինչքանո՞վ է սա մոտ ձեր փիլիսոփայությանը, ինքներդ ձեզ հումանիստ համարո՞ւմ եք: Այդուհանդերձ որևէ աստվածության հավատո՞ւմ եք: Վայելեք տեսանյութն ու մեկնաբանեք 🙂

Վոլտերի ծնունդը, մրցույթ ու լավ օր :)

Ովքեր հետևում են ֆեյսբուքյան էջին, տեղյակ են, որ հանդիպում էինք կազմակերպել: Մեր հանիպման արդյունքում նոյեմբերի 21-ի համար (Վոլտերի ծննդյան 320-ամյակը) որոշվեց հետևյալ օրակարգը.

1. Երեկոյի բացում փոքրիկ ներածությամբ (մի քանի խոսք ՀԱՄ-ի, աշխարհիկության ու հումանիզմի մասին),

2. Կերգենք հատված մի ֆրանսիական երգից (Հիմն Ազատությանը),

3. Ֆրանսերենով ու հայերենով կկարդանք մի քանի հատված Վոլտերի մասին, և մեջբերումներ Վոլտերից,

4. Ֆրանսահայ Ռեբեկան կերգի մի փոքրիկ ֆոլկլորային երգ Վոլտերի մասին,

5. Կուտենք տորթիկ, կխմենք խմիչքներ, կհիշենք ու կբացահայտենք Վոլտերին:

6. Այս ամենի կապակցությամբ նաև որոշեցինք հայտարարել ՄՐՑՈՒՅԹ հետևյալ թեմայով. «Նորարար մտքեր ու ծրագրեր Հայաստանում աշխարհիկությունն ու մարդասիրությունը տարածելու համար»:

Վոլտերն ու մենք :)
Քանի որ սա եզակի միջոցառում է, որը թույլ կտա, որ հավաքվեն աթեիստներ, ագնոստիկներ, թեիստներ, գնոստիկներ ու ամեն տեսակի փիլիսոփայության տեր մարդիկ, ովքեր կողմ են աշխարհիկությանն ու հումանիզմին, սա նաև լավ առիթ կլինի իրար հետ ծանոթանալու և հնարավոր միջոցառումների ու ցանկալի ապագա ծրագրերի մասին մտածելու ու դրանք կերտելու համար: Ուստի մտածեք, թե ինչ կարող եք ինքներդ անել ու առաջարկել մյուսներին, որպեսզի համախմբվենք ու միասին աշխատենք:

Միջոցառման վայրի ու մրցույթի մասին ավելի մանրամասն կգրենք հետո, իսկ հիմա առաջարկում ենք մտածես, թե ԴՈՒ ԻՆՔԴ ինչ կարող ես ու կցանկանաս անել տվյալ միջոցառման համար (առաջարկել տեղ միջոցառման համար, քեզ հետ բերել հյուրասիրություն, միջոցառման օրն օգնել կազմակերպիչներին կամ դառնալ կազմակերպիչ, այլ առաջարկներ):

Առաջարկները կարող եք գրել քոմենթի տեսքով կամ էջին:

Խնդրում ենք նաև ՏԱՐԱԾԵԼ կամ թագ անել ձեր այն ընկերներին, ովքեր գուցե հետաքրքրված կլինեն միջոցառմանն աջակցելու գործում:

Bon courage, ինչպես ֆրանսիացիք են ասում 🙂